Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
ԹՊԻՀ-INL ծրագրի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը համալրվել է համակարգչատեխնիկական փորձաքննությունների բնագավառի իրեղեն ապացույցների հետազոտման արդի ապարատածրագրային հնարավորություններով
2018 թվականի հունիսի 28-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի սարք-սարքավորումների ցանկը Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) ծրագրի շրջանակներում համալրվել է «Guidance Software» («Opentext») ընկերության արտադրության «Tableau» ապարատային բլոկիրատորներով, ինչպես նաև «EnCase Forensic» և «Cellebrite» ընկերության արտադրության «UFED Cloud Analyzer» ծրագրային ապահովումներով:
Այդ նպատակով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) ծրագրի տնօրեն Շենոն Բեհայը և ԹՊԻՀ ծրագրի առաջատար մասնագետ Կարինե Քեշաբյանը, որի շրջանակներում ծրագրի տնօրեն Շենոն Բեհայի և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի կողմից ստորագրվեցին նվիրատվության համապատասխան փաստաթղթերը և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին նվիրաբերվեց համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի ապարատածրագրային հնարավորություններն արդիականացնող և հզորացնող վերը նշված սարքավորումներն ու ծրագրային ապահովումները:
Կարևոր է ընդգծել, որ «Tableau» ապարատային բլոկիրատորների և «EnCase Forensic» ծրագրային ապահովման համատեղ կիրառումը հնարավորություն է տալիս կատարել համակարգչային հիշողության կրիչների բազմակողմանի, առավել արագ և ամբողջական հետազոտություններ՝ զգալիորեն մեծացնելով փորձաքննությունների արդյունավետությունը և կրճատելով համակարգչատեխնիկական փորձաքննությունների շրջանակում իրականացվող հետազոտությունների ժամանակահատվածը: Պետք է նշել, որ «UFED Cloud Analyzer» ծրագրային ապահովումը կիրառվելու է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության կողմից ԹՊԻՀ/INL ծրագրի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին 2016թ-ին նվիրաբերված «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգի արդիականացման և աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով: «UFED Cloud Analyzer» ծրագրային ապահովումը, այսուհետ հասանելի դարձնելով նաև ամպային տվյալները (օրինակ՝ «Facebook», «Twitter», «Instagram» և այլն), հնարավորություն է տալիս կատարել բջջային հեռախոսների և այլ սարքերի առավել բազմակողմանի և ամբողջական հետազոտություններ՝ արտածելով, վերծանելով և վերլուծելով բջջային հեռախոսների, պլանշետային համակարգիչների և GPS սարքավորումների լայն տեսականիների հիշողություններում պարունակվող ամբողջ տեղեկատվությունը, դրանով իսկ մեծացնելով տարբեր քրեական գործերով նշանակվող փորձաքննությունների իրականցման միջոցով թվային տեղեկատվության հայտնաբերման և ապացույցների շարքը համալրելու հնարավորությունները: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում նշված բացառիկ ապարատածրագրային միջոցների կիրառմամբ փորձաքննությունների կատարման արդյունքում զգալիորեն կբարելավվեն Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական բնագավառում թվային տվյալների հետազոտման, հայտնաբերման և վերլուծության հնարավորությունները, արդյունքում՝ հզորացնելով թվային ապացույցների ձեռք բերման համապատասխան գործիքակազմը:
Այցի ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ԹՊԻՀ/INL ծրագրի տնօրեն Շենոն Բեհային, խնդրելով շնորհակալական խոսքեր փոխանցել նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության գործընկերներին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պարոն Ռիչարդ Միլսի գլխավորությամբ, ինչպես նաև ԹՊԻՀ/INL գրասենյակի ողջ անձնակազմին՝ ինչպես նախորդ տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին կատարած բազմաթիվ արժեքավոր նվիրատվությունների և ցուցաբերած մեծածավալ աջակցության, այնպես էլ ներկայիս՝ շուրջ 17.000 ԱՄՆ դոլար արժողությամբ նվիրատվության համար, վստահություն հայտնելով, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հնարավորությունների հզորացմանն ու զարգացմանն ուղղված ԱՄՆ դեսպանության տարիների ընթացքում ցուցաբերած աջակցությունը ծառայում է Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական բնագավառի արդիական հնարավորությունների ապահովմանն ու արդյունավետ կիրառմանը քրեական հետապնդման և արդարադատության իրականացման ոլորտում՝ նպաստելով իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացմանը, հանցավորությանն ու կոռուպցիային համարժեք հակազդմանը:
28 Դեկտեմբեր 2016